Դեկ 14, 2022

ԱԺ ընդդիմություն․ Հայաստանն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որը սակայն իշխող մեծամասնությունը հրաժարվել է քննարկել ԱԺ այսօրվա արտահերտ նիստին և առաջարկել իր հայտարարության նախագիծը։

Ներկայացնում ենք խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագծի տեքստը։ 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի  Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է  Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։

Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին՝ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանիցների սադրանքները կանխելու համար։

Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը»։

                                                                                                            Հիմնավորում

Հայտարարության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը սադրիչ գործողություններով պարբերաբար շրջափակելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու և Արցախը հայաթափելու հանցավոր վարքագծին գնահատական տալու հրամայականով:

Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է արձագանքել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչին՝ հիմնվելով ՀՀ օրենսդրությամբ ստանձնած հանձնառությունների վրա:

Հայտարարությամբ Ազգային ժողովն ուղերձ է հղում նաև միջազգային հանրությանը՝ նպատակ ունենալով բոլորի ուշադրությունը սևեռել արցախահայության գոյաբանական խնդիրների վրա: